Գտնված ֆոտոժապավեններ (Բուզանդի 11 պատմամշակութային հուշարձան տունը) Քանդվել է 2005 թ.-ին

Արայիկ Դանիելյանի ընտանիքը վերջինն էր այն հին երևանյան ընտանիքներից, որ ապրում էր Բուզանդի  11  հասցեով բակում: Նրանց բնակարանն ասես մի փոքր թանգարան լիներ, որի հեղինակն էր տանտիրուհին Նունե Ավետյանը: Բնակարանի հին կահ-կարասին դիտողին ասես մի պահ մտովի տեղափոխում էր հին երևանյան առօրյան հիշեցնող մի աշխարհ, որը, ցավոք, ժամ առ ժամ հեռանում էր մեզանից: Այս բնակարանում էին նկարահանվել շատ ֆիլմեր: Վերջին անգամ այստեղ նկարահանվել էր երևանցիների կողմից սիրված Երևան ջան  ֆիլմի մի հատվածը: Տանտերերն արդեն տեղյակ էին, որ շուտով իրենց սիրելի տունը քանդելու են, և իրենք անզոր էին փրկել այն ոչնչացումից:

2005 թ. մարտ ամսին Արայիկ Դանիելյանի ընտանիքը ստանալով չնչին փոխհատուցում լքեց տունը, որը մի քանի օրից քանդվեց: Վերացավ ևս մի հին երևանյան բակ, իր հետ տանելով հին Երևանի պատմության մի մասնիկը:

Երբ ես արդեն ավարտում էի իմ նկարահանումները Բուզանդի բակի մասին, պատահաբար տան ավերակների միջից գտա մի ֆոտոժապավեն: Չնայած նրա տարիքին այն բավականին լավ էր պահպանվել: Ժապավենի վրա պատկերված կադրերն ուղղակի ցնցեցին ինձ:  Այնտեղ պատկերված էին Բուզանդի տան բնակիչնորի 1940-ական թվականների առօրյան պատկերող լուսանկարներ: Ես ասես գտա տան անձնագիրը: Հասկացա, թե որքան կարևոր դեր ունի լուսանկարը մեր կյանքում: Այսօր, հավանաբար  չկան լուսանկարներում պատկերված մարդկանց մեծ մասը, չկա նաև այն բակը և տունը, որտեղ նրանք անցկացրել են իրենց կյանքի մեծ մասը, սակայն մնացին լուսանկարները: Լուսանկարներ, որոնք փոխանցում են սերնդե-սերունդ հին երևանյան բակերում թաքնված պատմությունները:

No comments yet.

Leave a Reply